17-19-րդ դարի շունչը Մեղրիում
Մեղրին գտնվում է Սյունիքի մարզում՝ Հայաստանի և Իրանի սահմանի մոտ։ Այս տարածքում մարդիկ բնակվել են դեռևս նախնադարում. քաղաքում և նրա մերձակայքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարաշրջանի դաշույններ, կենցաղային իրեր՝ բրոնզե ապարանջաններ, մանյակներ, զարդավահանիկներ, սարդիոնից ու մածիկից ուլունքներ, երկաթե դանակներ: 906 թվականին՝ Տաթևի տաճարի կառուցումից հետո, Սմբատ Բագրատունին քաղաքն անվանել է Կարճավան։
Մարտի 27-ից 29-ը «Այբ» դպրոցի մի խումբ աշակերտներ «Ընձառյուծի հետքերով» նախագծի շրջանակներում այցելեցին Մեղրի: Նախագծի նպատակն էր երիտասարդ բնապահպաններին ծանոթացնել Հայաստանի բնությանը, հատկապես՝ ընձառյուծների ու Բեզոարյան այծերի արեալին և արգելոցներին։ Մեր եռօրյա այցի երկրորդ օրը զբոսնեցինք Մեղրի քաղաքով և հատկապես հիշվեցին երկու եկեղեցիներ։
Ձորի հանդիպակաց լանջերին են գտնվում Մեղրու Մեծ և Փոքր թաղերը։ Առաջ քաղաքի կորիզ էր համարվում Մեծ թաղի Սբ․Աստվածածին եկեղեցու շուրջը ամֆիթատրոնաձև դասավորված մասը, որի ստորոտում էին դպրոցը, ժողովասրահը և շուկան։ Հենց այդ եկեղեցին է, ուր խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, եթե լինեք Մեղրիում։ Այն քառամույթ գմբեթավոր բազիլիկ է՝ նեղ կողային նավերով և խորանի երկու կողմում ուղղանկյուն ավանդատներով։ Օգտագործվել է երկու հիմնական շինանյութ՝ եկեղեցու ծավալը կառուցված է բազալտից, իսկ ութանիստ թմբուկով բարձր գմբեթը՝ աղյուսից։ Եկեղեցին ներսից սվաղված է, իսկ բեմի պատը, մույթերը և ավանդատները զարդարված են 19-րդ դարի որմնանկարներով։
Սակայն ինձ ավելի շատ զարմացրեց Փոքր թաղի Սբ․ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին։ Ներկա պահին այս եկեցեղում աշխատում է վերականգնող-նկարիչների մի խումբ, ովքեր զբաղվում են եկեղեցու որմնանկարների վերականգմամբ։ Նրանցից իմացա, որ եկեղեցին կառուցվել է 1690 թվականին, սակայն որմնանկարներն արվել են 1820-ականներին։ Նրանք նշեցին, որ անձրևի պատճառով որմնանկնարները վնասվում են և իրենց գլխավոր նպատակն է վերականգնել ու պահպանել պատկերները։ Պատերին փակցված էին սպիտակ թղթեր, որոնք փակում էին որոշ պատկերներ։ Նկարիչները պարզաբանեցին, որ երբ եկեղեցին սկսել է գործել, վնասված հատվածները փակվել են, որպեսզի չփչացնեն ընդհանուր տեսքը։ Այժմ խումբը հանում է այդ թղթերը և վերականգնում այդ հատվածները։ Նկարիչներից մեկը նշեց, որ, եթե չլինեին այդ թղթերը, հնարավոր է չստացվեր վերականգնել որմնանկարները։ Այսպիսով՝ եթե լինեք Մեղրիում, անպայման այցելե՛ք այս երկու եկեղեցիները, որտեղ կզգաք 17-19 դարի շունչը։
Քնար Օհանջանյան