Նվիրվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճային, որն ապրում է յուրաքանչյուրիս մեջ

Ճայերը, ինչպես գիտեք, թռչելիս երբեք կանգ չեն առնում, որովհետև օդում մնալը նրանց համար խայտառակություն է, բայց Ջոնաթան Լիվինգսթոն ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թևերը՝ դրանք պահելով կորագծի դժվարին դիրքում։ — «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ներկայացումից։ Ճայերը թռչուններ են, որոնց կարելի է հանդիպել ջրային տարածքների մոտ։ Այս թռչունները հիմնականում սնվում են ձկներով, իսկ կեր փնտրելիս հատկապես ագրեսիվ են ու ակտիվ․ ուտելը նրանց համար ամենակարևորն է։

Մայիսի 19-ին  ընդամենը 20 րոպեով «Այբ» դպրոցի դահլիճը վերածվել էր ճայերի հիմնական բնակավայրի, իսկ ճայերը բեմարվեստի խմբի դերասաններն էին։ Բեմադրվում էր «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ներկայացումից մի հատված, իսկ ողջ ներկայացումը խմբի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը առաջին անգամ բեմադրել է դեռ 10 տարի առաջ՝ «Փոքր թատրոնի» սաների հետ։ Ընկեր Վահանը նշել է, որ այս ներկայացումն իր կողմից բեմադրված միակ ներկայացումն էր, որն ուներ ուսուցողական բնույթ։ Նա կարծում է, որ իր սաները պարտադիր պետք է կարդային Ռիչարդ Բախի նույնանուն գիրքը։ Այդպես՝ ընկեր Վահանը որոշեց բեմադրել այս ներկայացումը, որպեսզի գրքի գլխավոր մտքերը  լավ տպավորվեն աշակերտների մոտ։ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» հետագայում դարձավ հանդիսատեսի կողմից ամենասիրված ներկայացումներից մեկը, մի քանի անգամ բեմադրվեց արտասահմանում և տարբեր մրցանակների արժանացավ։

Դեռ մեկ տարի առաջ կարդացել էի գիրքը, սակայն խորությամբ չէի մտածել նրա բովանդակության մասին, որովհետև շարադրանքը միատոն էր ու ձանձրալի։ Բեմադրելիս հասկացա գրքի գեղարվեստական արժեքը, որովհետև ամեն հատված մի քանի անգամ էինք կարդում ու համեմատում էինք իրական կյանքի հետ։ Այս գիրքն արդիական կլինի միշտ, որովհետև, թեև ժամանակները փոխվում են, մարդիկ մնում են նույնը, չեն փոխվում նաև սովորություններն ու միմյանց նկատմամբ վերաբերմունքը։

Ընկեր Վահանի ընդգծած ուսուցողական մտքերը հետևյալն են՝

Մի՛ վախեցեք ամբոխից տարբերվելուց

Ներկայացման մեջ կա մի հատված, երբ Ջոնաթանը կանգնում է կենտրոնում՝ երամի կողմից անարգվելու համար։ Ճայերից մեկը նրան ասում է․ «Կյանքի իմաստն անիմանալի է և անհասանելի, բացառությամբ այն բանից, որ մենք աշխարհ ենք գալիս ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք, որքան կարող ենք»։ Ջոնաթանը գտել էր իր կյանքի իմաստը․ նա ցանկանում էր սովորել ու թռչել, իսկ երամակիցները նրան չէին հասկանում և ի վերջո վտարեցին երամից։ Մեր ցանկություններն ու նպատակները նույնպես կարող են չհամընկնել ուրիշներ հետ, սակայն չի նշանակում, որ մենք սխալ ենք։ Պետք է չհանձնվել, ինչպես Ջոնաթանը, և երբեք չհրաժարվել երազանքներից՝ այլ մարդկանց կարծիքի պատճառով։

Նպատակներին հասնելու համար պետք է կատարելագործվել ու աշխատել

Ջոնաթանը ցանկանում էր արագ թռչել, սակայն երկար թևերի պատճառով չէր կարողանում։ Նա գրեթե հանձնվել էր, բայց ինքնակատարելագործման ձգտումը թույլ չտվեց. նույնիսկ անտանելի ցավը նրան չկանգնեցրեց։ Ջոնաթանը չէր ուտում, չէր հանգստանում, նա միայն ճախրում էր և արդյունքում հասավ իր նպատակին։

Հաճախ անհաջողությունների պատճառով ինքնավստահությունն ընկնում է։ Մեզնից շատերը թողնում են նախընտրած զբաղմունքը կամ երազանքը, որովհետև ցանկանում են միանգամից լավ արդյունքի հասնել, իսկ երբեմն նաև արտաքին գործոններն են խանգարում։ Միշտ չէ, որ հնարավոր է հասնել նպատակին հեշտ և արագ։ Պետք չէ հանձնվել, անհրաժեշտ է աշխատել և երբևիցե չբավարարվել արդյունքով։

Բոլորն էլ տարբեր են․ պետք չէ մարդուն քննադատել յուրահատկության համար

Երամը չէր ընդունում Ջոնաթանին, որովհետև նրան չէր հասկանում։ Ջոնաթանը յուրահատուկ էր, սակայն մյուս ճայերը չէին գնահատում։ Նման տարբեր օրինակներ կարելի է բերել կյանքից՝ սկսած ինկվիզիցիայի ենթարկված գիտնականներից, մինչ դասական ստանդարտներին չհամապատասխանող արվեստագետները, որոնք փորձում են նորարարություն ցուցաբերել։ Եթե ձեր և այլ մարդու մտքերը կամ կարծիքները չեն համընկնում, դա չի նշանակում, որ մյուսը սխալ է։ Այս երևույթը հանգեցնում է նրան, որ մարդիկ վախենում են կարծիք հայտելուց, և «տարբերվողները» փակվում են իրենց մեջ։

Այն դրվագում, երբ երամը սկսում է հալածել Ջոնաթանին, վերջինս չի փորձում պաշտպանվել, այլ հանդուրժողականություն է ցուցաբերում, որովհետև նա գիտի՝ ճայերը չեն հասկանում, թե ինչ սխալ են գործում. նրան կարծում են՝ իրավացի են։ Մենք նույնպես պետք է հանդուրժող լինենք։

Գլխավոր դերակատարն էր 11-րդ դասարանցի Ռուբեն Բադալյանը։ «Դերը խաղալն բարդ չէր, որովհետև ինձ նույնացրի Ջոնաթանի հետ։ Ինձ թվում էր՝ ես ինձ եմ մարմնավորում՝ պարզապես ճայի կերպարում։ Պարզվեց՝ շատ նմանություններ ունեինք։ Իմ կյանքում նույնպես պատահել է, որ ես չեմ ընդունվել ուրիշների կողմից, որովհետև այլ ձգտումներ ունեի։ Նման իրավիճակներում փորձել եմ ուշադրություն չդարձնել, որովհետև գիտեի, եթե պատասխան տաս, կդառնաս նրանց նման, իսկ այդ դեպքում է՛լ ավելի դժվար կդառնա քո համար»։

Այս հոդվածը նվիրվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճային, որն ապրում է յուրաքանչյուրիս մեջ։

Քնար Օհանջանյան
Լուսանկարները՝ Մանե Մինասյանի

You may also like...

Leave a Reply