Բիզնեսն ու մեդիան. Ինչպես կարող է մեդիան ազդել բիզնեսի վրա

Կայքերում հաճախ ենք տեսնում տարբեր հովածներ հայկական և արտասահմանյան բիզնեսների մասին: Երբեմն այդ հովածներն ակնհայտ գովազդ են, որոշ դեպքերում նաև «սև PR»-ի համար են գրվում, որոշ հոդվածներ, հնարավոր է, գրվում են մրցակից ձեռնարկությունների կողմից: Նաև շատ տարածված են բիզնեսի կողմից կատարված բարեգործության մասին հոդվածները: Այս ամենի և բիզնեսի ու մեդիայի հնարավոր համագործակցության մասին զրուցել ենք «ԱՅԲ» ավագ դպրոցի «ձեռնարկատիրական հմտություններ» առարկայի ուսուցիչ, բիզնեսի ու ֆինանսների մասնագետ Հասմիկ Դանիելյանի հետ:

— Արդյոք դժվա՞ր է բիզնես հիմնել Հայաստանում: Ինչո՞ւ:

— Նայած՝ որ գործարարի համար, և նայած՝ ինչ ոլորտում է փորձում սկսել: Պայմանավորված է նաև ֆինանսական միջոցների անհրաժեշտության չափով: Եթե ցանկանում եք մտնել ոչ մեծ ֆինանսական ռեսուրսներ պահանջող ոլորտ, ապա պետք է պատրաստ լինեք բավականին ուժեղ մրցակցության: Իհարկե, կան ոլորտներ, որ պահանջում են մեծ գումար, դրանք արդեն որոշակիորեն մոնոպոլիզացված են: Հայկական ներքին շուկան նաև բավականին փոքր է, ինչն ավելի է բարդացնում է ձեռնարկություն կառավարելու հնարավորությունները:

— Հաճախ մեդիան մեծ վնասներ է հասցրել այս կամ այն բիզնեսին: Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ:

— Մեդիայի դերը հասարակության մեջ բազմակարծության, ազատության զարգացման, արդարության ու հավասարության ձևավորման  հարցերում շատ կարևոր է, սակայն պետք է պրոֆեսիոնալ ու պատասխանատու լինել, քանի որ մարդիկ ձևավորում են իրենց կարծիքը ու որոշումներ են ընդունում մեդիայի տված տեղեկատվությունը վերամշակելու արդյունքում և մեդիան ունի մեծ ազդեցություն: Մարդիկ տարիներով  ջանքեր են գործադրում կազմակերպություն հիմնելու և զարգացնելու համար, սակայն չստուգված ու վարկաբեկող տեղեկատվությունը կարող է բերել այդ բիզնեսի կործանմանը:

— Որքանո՞վ է ճիշտ օգտագործել մեդիան սև PR-ի համար:

— Սև PR-ի կիրառումն, ըստ իս, անբարոյական է:

— Որոնք են մեդիայի օգուտները նորաստեղծ կամ երկարատև պատմություն ունեցող կազմակերպությունների համար:

— Ներկայիս հասարակություն մեջ լուրջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մեդիայի աջակցությունը: Մեդիան կարևոր է թե՛ նորաստեղծ, և թե՛ երկարատև պատմություն ունեցող ձեռնարկությունների համար: Այն հնարավորություն է տալիս իրազեկել հասարակությանը նոր բիզնեսի կամ արտադրանքի մասին, ձևավորել ձեռնարկության իմիջը, մեդիայով գովազդի միջոցով պարբերաբար հիշեցնում են այս կամ այն արտադրանքի մասին, ինչպես նաև այն ինչ-որ չափով օգնում է ստեղծել հավատարիմ հաճախորդների բազա (ստեղծում է լոյալություն), առանց որի ոչ մի բիզնես չի կարող աշխատել:

— Ո՞րն է, ըստ ձեզ, բիզնեսի և մեդիայի լավագույն համադրումը:

— Երբ յուրաքանչյուր ընկերություն պատասխանատու և պրոֆեսիոնալ ձևով զբաղվում է իր գործով՝ աշխատելով հասարակությանը չվնասելու սկզբունքով:

— Համացանցում երբեմն հանդիպում են գործարարների բարեգործության տարատեսակ հոդվածներ: Արդյո՞ք սրա նպատակը կազմակերպության հանդեպ լավ տրամադրելու համար է:

— Կարծում եմ՝ այո: Ոմանց համար բարեգործությունը միայն աչքկապոցի է, սակայն կան նաև ձեռնարկություններ, որոնք իսկապես ցանկանում են օգտակար լինել հասարակությանը և գումարներ ներդնել բարեգործության մեջ:

— Ո՞րն է բարեգործություն անելու ֆինանսական առավելությունը բիզնեսի համար:

— Բիզնեսը չի գործում վակուումում, այն անբաժան է սոցիումից: Ներկայումս շատ ընկերություններ գիտակցում են դա և իրագործում են սոցիալական պատասխանատվության գաղափարները, ինչն, անշուշտ, դրական ազդեցություն է ունենում բիզնեսի վարկանիշի և գործունեության վրա. մարդիկ ավելի դրական ու լոյալ են վերաբերվում այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են կատարում հասարակության զարգացման գործընթացում:

Արինա Սահակյան

You may also like...

Leave a Reply