Արաբկիրը բնակիչների հուշերում
Արաբկիր թաղամասը Երևանի հյուսիսային հատվածում է։ Անունը կապվում է Արևմտյան Հայաստանում գտնվող Արաբկիր քաղաքի հետ, որովհետև թաղամասը հիմնադրվել է «Ամերիկահայ Արաբկիրցիների Միության» առաջարկով։ «Արաբկիր» բառը նշանակում է առ ափին գետի։ Երկու Արաբկիրներն էլ գտնվում են գետերի մոտ, քաղաքը՝ Եփրատի, իսկ թաղամասը՝ Հրազդանի։ Թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ արաբկիրցիները հպարտանում են այն փաստով, որ Արաբկիրի օդը անհնար է համեմատել այլ վայրերի օդի հետ, որովհետև ձորի մոտ գտնվելը առավելությունն է տալիս։
Արաբկիրյան շունչը ավելի լավ զգալու համար խոսեցի Վոլոդյա Բալյանի հետ։ Նա 1969 թվականից աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որին բոլորս ճանաչում ենք՝ որպես Մերգելյան ինստիտուտ։ Պարոն Վոլոդյան պատմեց, որ բարձրագույն կրթություն ստանալուց անմիջապես հետո անցավ աշխատանքի ինստիտուտում՝ որպես հաշվիչ մեքենաների ինժեներ, իսկ հիմա կնոջ հետ տնտեսական ապրանքների խանութ ունի։ Մերգելյան ինստիտուտում աշատելու տարիների մասին նա պատմեց այսպես․
«Մերգելյան ինստիտուտը համարում եմ կյանքի դպրոց․ ինձ պես երիտասարդ ինժեներին հետաքրքիր էր աշխատել ժամանակակից սարքավորումներով և շրջապատված լինել կիրթ և հարգալից մարդկանցով։ Այնտեղ աշխատելն ինձ սովորեցրեց հետևել ժամանակին ու կարգ ու կանոնին։ Հիշում եմ, որ առավոտյան՝ ուղիղ ժամը ութին, ինստիտուտում հնչում էր զանգ։ Եթե այդ ժամանակ աշխատատեղում չլինեի, կսահմանվեր որոշակի պատժամիջոց, կա՛մ պարգևավճարն էին կրճատելու, կա՛մ էլ գրավոր նկատողություն էին տալու։ Ինստիտուտը 1968 թվականից սկսել էր բնակելի շենքեր կառուցել աշխատողների համար։ Կարծում եմ, այդ շենքերի բնակիչների շնորհիվ Արաբկիրը դարձավ «ինտիլիգենտների թաղամաս», որովհետև բոլորս էլ գիտնական էինք։ Գործարանի փակվելուց հետո դարձանք առևտրական և մեր համար բավականին դժվար էր․ հեշտ էինք խաբվում, որովհետև ինստիտուտում աշխատելը բոլորիս դարձրել էր չափազանց անկեղծ և նման միջավայրից հետո բարդ էր առևտրի մեջ վարժվելը։
Մերգելյան ինստիտուտում աշխատելը հետաքրքիր էր հատկապես մարդկանց պատճառով։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, ինձ հետ նույն բաժնում աշխատում էր 3 գիտությունների դոկտոր և մոտ 15 գիտության թեկնածու։ Պարզ է՝ նրանցից շատ բան ունեինք սովորելու և երևի նրանք էլ դարձան մեր կյանքի դպրոցի ուսուցիչները։
Մեր Արաբկիրում ամեն ինչ կար։ Ունեինք «Արաբկիրի շուկա», որտեղ ամեն տեսակի մթերք կար։ Հիշում եմ՝ երիտասարդները սիրում էին ժամադրվել «կինո Կոմիտասի» («Կոմիտաս» կինոթատրոն) մոտ։ Քանի որ այն ժամանակ ոչ բոլորն ունեին հեռուստացույց, մարդիկ գնում էին կինոթատրոն։ Ցավոք, հիմա կինոթատրոնի փոխարեն այնտեղ ավտոմեքենայի վաճառքի տեղ է։ Երեկոյան մարդիկ սիրում էին զբոսնել և հանգստանալ Մերգելյանի այգում, հիմա էլ է այդպես։ Այստեղ էին գործում ալյումինի, ժամացույցի, մեքենաների, լուսատեխնիկայի և ամբարձիչների գործարանները։ Մի խոսքով Արաբկիրը շատ աշխույժ տեղ էր, երևի հիմա էլ է այդպիսին»։
Մեկ այլ արաբկիրցի է տաքսիստ Անդրանիկ Ավետիսյանը։ Նա իր ողջ կյանքն ապրել է Կիևյան փողոցում և իր հուշերով կիսվեց այսպես․ «Հիմնականում Կիևյան փողոցը ասոցացնում են ապրիլի 24-ի և Ծիծեռնակաբերդի հետ։ Մանկությանս օրերից հիշում եմ՝ ողջ փողոցը լի էր մարդկանցով ու ծաղիկներով։ Մարդիկ ընտանիքներով, ընկերներով և աշխատակիցներով գնում էին Ծիծեռնակաբերդ, ցավոք, հիմա դա չկա՝ մարդիկ նույն համախմբվածը չեն։ Սակայն կարող եմ հանգիստ ասել, որ արաբկիրցիները տարբերվում են։ Ողջ կյանքս ապրել եմ այստեղ ու որտեղ էլ ինձ տուն առաջարկեին, հաստատ չէի գնա»։ Նա նաև նշեց, որ Արաբկիրի ամենամեծ առավելությունը ձորն է, որովհետև այստեղ օդը մաքուր է, իսկ երեկոները՝ հաճելի, որովհետև ձորում գտնվող ռեստորաններն ամեն երեկո երաժշտություն են միացնում։ Այստեղ ես նրա հետ չհամաձայնեցի, որովհետև այդ երաժշտությունն ավելի շատ ինձ խանգարում է։ Իմ կարծիքով, այդ ռեստորանների աղմուկը Արաբկիրում ապրելու ամենավատ կետն է։
Արաբկիրի բնակչությունը բավականին մեծ է, ըստ վերջին տվյալների, 132․525 մարդ։ Համայնքն ունի 650 բնակելի շենք, 2․588 սեփական տուն: Այստեղ գործում է 4․870 արդյունաբերական ձեռնարկություն, 838 առևտրական կազմակերպություն։ Կրթությունն այստեղ կարևորվում է․գործում է 21 հանրակրթական դպրոց, 5 բուհ, 6 մշակույթի տուն և երաժշտական դպրոց։ Արաբկիրցիները լավ առևտուր էլ են անում․ այստեղ կա 8 բանկ, 3 շուկա, 5 տոնավաճառ, 15 սուպերմարկետ, 25 ժամանցի վայրեր՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր: Ու այս ամենը տեղավորվում է 1․320 հեկտար տարածքում։ Ինձ ավելի շատ զարմացնում է սննդի կետերի քանակը։ Մի քանի տարի առաջ հարցրել էի ընտանիքիս ծանոթներից մեկին, ով բնիկ «կոմիտասցի» է, թե ինչու այդքա՜ն շատ «խաչապուրիանոց» կա Կոմիտասում։ Նա կատակով ինձ պատասխանեց, որ ուղղակի կոմիտասցիները չափազանց ծույլ են՝ ինքնուրույն ուտելիք պատրաստելու համար։ Հիմա այս կատակի մեջ ճշմարտություն եմ տեսնում, որովհետև Կոմիտասում զբոսնելիս կնկատե՛ք, որ ամեն տեղ արագ սննդի կետեր են։ Մի բան հաստատ կարող եմ ասել, եթե մոլորվե՛ք Արաբկիրում, ապա քաղցած չեք մնա, որովհետև կարող եք ճաշակել տարբեր ազգերի ավանդական ուտելիքներով՝ հայկականից մինչ արևելյան։
Այստեղ ապրել են մեր հայ մեծերից շատերը, և նրանց էլ համարում եմ երևելի բնակիչներ։ Եթե զբոսնե՛ք Կասյան և Կիևյան փողոցներով, ապա կզարմանա՛ք․ յուրաքանչյուր քայլափոխին շենքերի վրա կան հուշահամալիրներ, որոնց վրա գրված է՝ ով է այդ շենքում ապրել։ Երբ փոքր էի, պապիկս մի անգամ պատմել էր, թե ինչպես էր տեսել երևելի Սևակին Կասյանի վրա զբոսնելիս։ Եվ, իրոք, հետազոտություն անելուց հետո պարզեցի, որ Արաբկիրում են ապրել և գործել գրողներից՝ Պարույր Սևակը, Համո Սահյանը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Արշալույս Սարոյանը, Ալեքսանդր Արաքամալյանը, նկարիչներից՝ Մկրտիչ Սեդրակյանը, Գրիգոր Խանջյանը, Սարգիս Բաղդասարյանը, Հարություն և Արմինե Կալենցները, Անատոլի Պապյանը, Սարգիս Սուրադյանը, ինչպես նաև ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։
Այսպիսով՝ Արաբկիրը գտնվում է առ Հրազդանի ափին և ունի շատ մաքուր օդ։ Նշանավոր հաստատություններից է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն, որն իր աշխատողների համար դարձել էր կյանքի դպրոց։ Միջավայրը Արաբկիրում հանգիստ է, իսկ մարդիկ՝ կիրթ։ Բոլոր իմ ճանաչած արաբկիրցիները նշել են, որ իրենց բնակավայրը հաստատ չէին փոխի։
Քնար Օհանջանյան
Լուսանկարները՝ հեղինակի