«Դու՞ք», թե՞ «դու». հարգալից դիմելաձևն աշխարհի տարբեր երկրներում
Հնում tu դերանունը («դու» — լատ.) հավասարապես օգտագործվում էր թե՛ կայսրին, թե՛ ստրուկին դիմելիս: Իսկ մեր օրերում հարգալից խոսք կիրառելիս գործածում ենք «դու»-ի հոգնակի տարբերակը՝ «Դուք»-ը՝ դիմացինի հանդեպ հարգանքն ընդգծելու նպատակով: Սակայն այս սովորույթը տարբեր երկրներում տարբեր կերպ է զարգացած:
Անգլերենում «դու»-ով են խոսում անգամ շների հետ: Այս լեզվում մի ժամանակ գոյություն ուներ tհou բառը՝ «դու» դերանունը (այն այժմ գործածվում է միայն աստվածաշնչյան տեքստերում), որին ժամանակի ընթացքում փոխարինելու եկավ you դերանունը: Մինչ այսօր անգլերենում you դերանունը գործածվում է ինչպես «դու», այնպես էլ «Դուք» իմաստով: Այս առիթով անգլիացիներն կատակում են, թե նրանք անգամ շան հետ են «Դուք»-ով խոսում: Ամենայն հավանականությամբ, սա պայմանավորված էր բուրժուական այն գաղափարով, որ հասարակության մեջ բոլորը պետք է հավասար լինեն:
Իտալացիները որևէ մեկի հետ ծանոթանալուց հետո միանգամից «դու»-ի են անցնում՝ անկախ դիմացինի տարիքից: Սա գործում է սովորական ծանոթությունների և խոսակցությունների ժամանակ, սակայն, օրինակ՝ աշակերտն ուսուցչին կամ հիվանդը բժշկին ավելի հարգալից կերպով է դիմում՝ «lei»:
Իսպաներենում, ինչպես նաև հայերենում, կա երկու դիմելաձև՝ «դու» — tu և «Դուք» — usted: Առաջինն օգտագործվում է ընտանիքի անդամներին, ընկերներին և ծանոթներին, ինչպես նաև տարիքով և դիրքով մտերիմ մարդկանց (անգամ այն դեպքում, երբ լավ չեք ճանաչում միմյանց), հետ հաղորդակցվելու ժամանակ: «Դուք»-ով խոսում են անծանոթների և նրանց հետ, ովքեր տարիքով մեծ են կամ սոցիալական կարգավիճակով ավելի բարձր: Եթե նոր եք ծանոթացել որևէ մեկի հետ, ավելի լավ է նրան usted-ով դիմեք, մինչև Ձեզ չառաջարկեն «դու»-ի անցնել:
Պորտուգալիայում որպես ազատ ձև գործածվում է tu-ն, իսկ որպես հարգալից ձև՝ você-ն: Վերջինս ծագել է vossa mercê-ից («Ձերդ ողորմածություն»): Առօրյա կյանքում գերակշռում է tu-ն՝ մտերիմ ընկերների, ծնողների, երեխաների հետ հաղորդակցվելիս:
Հին ռուսերենում սոցիալական յուրաքանչյուր խմբի անդամների հետ ազատ ոճով էին խոսում, օրինակ՝ «ты, царь-батюшка…»: Հարգալից դիմելաձևն այստեղ ի հայտ է եկել XVIII դարում՝ ֆրանսիական մշակույթի և լեզվի ուժգին ազդեցության հետևանքով՝ հատկապես արիստոկրատիայի շրջանում: Անգամ XX դարի սկզբին երեխաներն իրենց ծնողներին հաճախ «Դուք»-ով էին դիմում: Այսօր նրանք օգտագործում են երկու դերանուններն էլ՝ «դու» — ты և «Դուք» — вы:
Իսկ եթե հետաքրքրում է, թե որ լեզուներում են գործածվում և՛ «դու»-ն, և՛ «Դուք»-ը, ապա ուշադրություն դարձրեք ստորև բերված ցանկին:
ֆրանսերենում՝ tu / vous
թուրքերենում՝ sen / siz
ուկրաիներենում, բելառուսերենում՝ ти / ви
ռուսերենում՝ ты / вы
բուլղարերենում՝ ти / вие
ռումիներենում՝ tu / voi
հունարենում՝ esy / sy
հոլանդերենում՝ jij / u
գերմաներենում՝ du / sie
Անժելիկա Հակոբյան