«Հին Երևան» նախագիծը
Մայրաքաղաք Երևանն ունի շուրջ երեքհազարամյա պատմություն։ Քաղաքը հիմնադրվել է դեռևս Ք․ա․ 782 թվականին Արգիշտի թագավորի կողմից և կոչվել Էրեբունի։ Իր պատմության ընթացքում Երևանը տեսել է ավերիչ երկրաշարժեր և ենթարկվել հարձակումների։ Բերդաքաղաքից մայրաքաղաք Երևան բնակավայրը գրեթե 3 հազարամյակ կառուցվել ու պարբերաբար վերակառուցվել է։ Երևանի դիմագիծը փոխել են նաև նախորդ հարյուրամյակի պատերազմները։
Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը: Որպես կանոնավոր հատակագիծ ունեցող քաղաք՝ Երեւանը ձևավորվել է հենց այս ժամանակաշրջանում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ու նրա դպրոցի շնորհիվ:
Խորհրդային կարգերի ամրապնդումից հետո՝ 20-րդ դարի երկրորդ կեսից Երևանը սկսեց կորցնել իր տեսքը։ Հին Երևանն աստիճանաբար սկսեց վերանալ աշխարհի երեսից։ Նոր սերունդն այլևս չգիտի առաջվա ճարտարապետական հուշարձանները, նեղ փողոցներն ու բազմաթիվ շուկաները։ Գաղափարախոսությունից ելնելով՝ կառավարությունը քանդում էր եկեղեցիները կամ հին շենքերը՝ այդտեղ կանգնեցնելով կոմունիստ առաջնորդների հուշարձանները։ Երևանն ուրիշ է այժմ։ Սև տուֆից կառուցված ցածր շենքերը փոխարինվում են ժամանակակից բարձրահարկ շինություններով։
Սակայն խորհրդային շրջանը հին Երևանի կործանման վերջին փուլը չէր։ Այդ գործընթացը զարգանում էր նաև հետխորհրդային տարիներին և շարունակվում է մինչ օրս։ 2000-2004 թվականներին՝ Հյուսիսային պողոտայի կառուցման տարիներին, միայն այդ հատվածում 5-ից ավելի պատմամշակութային հուշարձան է քանդվել։ Այս ժամանակաշրջանում հին քաղաքի վերացման պատճառները կրում են ֆինանսական բնույթ։ Եթե ԽՍՀՄ տարիներին չկար մասնավոր սեփականություն և շենքերը բացառապես պետական էին, ապա այժմ դրանք պատկանում են մասնավոր ձեռներեցների։ Հին շենքերի փոխարեն, որոնք պատմամշակութային հուշարձաններ են և ոչ եկամտաբեր, կառուցվում են նոր հյուրանոցներ, սրճարաններ, սպորտային համալիրներ և այլ շինություններ։
2015-ի մարտի վերջին հանրության քննարկմանը ներկայացվեց «Հին Երևան» նախագիծը։ Նախագիծն առաջարկվել էր դեռևս 2005-ին՝ ճարտարապետ Լևոն Վարդանյանի կողմից։ Նախագծի հիմնական նպատակն էր քաղաքի գոնե մեկ հատվածում ստեղծել 19-20-րդ դարերի բնակելի տների բնօրինակները և այսպիսով նոր սերնդին ժառանգել հին Երևանի գոնե մի կտորը։ Ինչպես նշում էր ճարտարապետական ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը՝ «Վերջապես ողջունում ենք ծրագիր, որը միտում ունի վերականգնելու Երևանի ճարտարապետական պատմության ինչ-որ մի հատված»։ Խորհրդային շրջանում քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում էր կառուցել Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում։ Նշված տարածք էր նախատեսվում տեղափոխել նաև հայտնի Աֆրիկյանների շենքը։
Աֆրիկյանների տան շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին, իսկ 1913 թվականից այն գործել է որպես ակումբ։ Այն երևանյան բարձրաշխարհիկ կյանքի ու հանրահայտ անձանց հավաքատեղի էր, որտեղ քննարկվել են ազգային ու համաքաղաքային կարևոր խնդիրներ ու նախաձեռնություններ։ Աֆրիկյանները Երեւանի ամենահին ընտանիքներից են, քաղաքային դումայի անդամներ են եղել, ունեցել են տարբեր գործարաններ, լուրջ ներդրում կատարել քաղաքի պատմության մեջ: Այս շենքի տեղափոխման կամ հնարավոր փլուզման դեմ ակտիվիստները ցույցեր սկսեցին։ Արդյունքում շինությունը քանդվեց, իսկ վերջինիս քարերով նախատեսվում է վերակառուցել շենքն այլ հատվածում։
Նախագծի մեկնարկելուն պես սկսվեցին նաև բողոքները, որոնք ունեին տարբեր պատճառաբանություններ։ Կային դժգոհություններ նախագծի գաղափարի նկատմամբ։ Հուշարձանները տեղափոխվելով կորցնում են իրենց պատմական արժեքը։ Սակայն, միևնույն ժամանակ կա կարծիք, որ դրանով լուծվում են քաղաքաշինական ավելի կարևոր խնդիրներ։ Արդյոք ո՞ր տեսակետն է ճիշտ։ Գլխավոր ճարտարապետի խոսքերով այս նախագիծը վերջին փորձն է վերականգնելու նախախորհրդային Երևանի տեսքը՝ գոնե մի փոքրիկ հատվածում։
Նախագիծը մինչ օրս իրագործման փուլում է։ Վերջինիս ձգձգումները պայմանավորված են թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական և թե՛ գաղափարական անորոշություններով։
Սոնա Միքայելյան
Լուսանկարները՝ Mediamax.am-ի