Ինչով է պատվաստումը կարևոր

Պատվաստումների մասն շատ տարբեր քննարկումներ ու տեսակետներ եմ լսել: Շատերն անվստահությամբ են վերաբերվում՝ ասելով, որ պատվաստումները պատշաճ որակով չեն արվում, անիմաստ են և ընդհանրապես, ավելի շատ վնասում են, քան օգնում՝ առաջացնելով բազմաթիվ խնդիրներ: Սակայն հետազոտելով թեման՝  հասկացա, որ պատվաստումները շատ կարևոր դեր ունեն մեր կյանքում,  քանի որ պաշտպանում են մարդկանց շատ ու շատ հիվանդություններից ու բարդություններից: Այսպիսով, արդյո՞ք պատվաստումները կարևոր են,  և Հայաստանում ապահովվում է պատվաստանյութերի պատշաճ որակը։

Այս հարցերի պարզաբանման համար զրուցեցի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի ամբուլատոր գծով տեղակալ Ռենա Հարությունյանի հետ:

Տիկին Հարությունյանը նշեց, որ խնդիրն իսկապես արդիական և կան բազմազան տեսակետներ: Ըստ նրա՝ հրաժարվողների թիվը,  անցյալ տարիների համեմատ,  զգալիորեն պակասել է: «Ես կարող եմ ասել,  որ այսօրվա դրությամբ մինչև 1 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 95 տոկոս է»,- ասաց տիկին Հարությունյանը:

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մարդկանց բացասական վերաբերմունքը պատվաստումներին, Տիկին Հարությունյանը պատասխանեց, որ մարդիկ հիմնականում հրաժարվում են պատվաստումներից՝ հիմնվելով սխալ տեղեկությունների վրա: Նա բերեց պենտավալենտ պատվաստման օրինակը: Այն նախատեսված է 1.5, 3 և 4.5 ամսական երեխաների համար: Պատվաստանյութը պաշտպանում է երեխաներին հեպատիտ Բ, դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ և հեմոֆիլիուս ինֆլուենսիա հիվանդություններից: Սակայն երբեմն կարող են առաջանալ հետպատվաստումային խնդիրներ, օրինակ` երեխայի անհանգիստ վիճակ, մարմնի բարձր ջերմաստիճան և անընդհատ լաց: Տիկին Հարությունյանը հավաստիացրեց,  որ այս երևույթները բնական են և մարդիկ պետք է քաջ գիտակցեն, որ փոխարենը երեխան պաշտպանվում է լրջագույն ու վտագավոր հիվանդություններից:

Ռենա Հարությունյանը նկարագրեց նաև պատվաստուման գործընթացը: Երեխայի ծնվելուց հետո 48 ժամվա ընթացքում պատվաստվում են տուբերկուլյոզ և հեպատիտ Բ հիվանդությունների դեմ: Հետագայում՝ 1.5 ամսական հասակում,  երեխան հրավիրվում է պոլիկլինիկա, ինչից հետո իրականացվում են տարբեր ստուգումներ և երեխայի առողջությունը ստուգելուց հետո միայն իրականացվում են մյուս բոլոր պատվաստումները:

Տիկին Հարությունյանը նշեց,  որ  ծնողն իրավասու է հրաժարվել պատվաստումներից՝ երեխայի առողջության հետ կապված ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: «Սակայն այս իրավիճակում բժշկի դերը շատ մեծ է,  քանի որ ծնողին պետք է հասկանալի և ճիշտ ներկայացնել խնդրի լրջությունը: Բարեբախտաբար եղել են դեպքեր, երբ թիմային բարձրակարգ բացատրական աշխատանքի արդյունքում ծնողները,  գիտակցելով հարցի լրջությունը, մտափոխվել և համաձայնել են»,- ասում է Տիկին Հարությունյանը:

Բժշկուհին խոսեց նաև պատվաստանյութերի և պատվաստումների որակի մասին՝ հավաստիացնելով,  որ բոլոր պատվաստումները իրականացվում են բարձր մակարդակով, իսկ պատվաստանյութերը պահվում են հատուկ սառցային շղթաներում:

Լևոն Ավետիսյան

You may also like...

Leave a Reply