Շտեմարանային համակարգ
Արդեն երկար ժամանակ է Հայաստանի Հանրապետության դպրոցներում և համալսարաններում ավարտական և միասնական քննություններն անցկացվում են շտեմարաններով: Շտեմարանային համակարգը ծանոթ է բոլոր աշակերտներին, բայց արդյո՞ք այն օգնում է ստանալ լիարժեք գիտելիք: «Այբ» ավագ դպրոցի երկու ուսուցիչ, ովքեր դասավանդել են շտեմարաններով, իրենց կարծիքն են ներկայացրել այս հարցի շուրջ:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Եկմալյանին հարցրեցինք, թե արդյո՞ք շտեմարանային հարցաշարը և գնահատման համակարգը հնարավորություն են տալիս լիարժեք գնահատել աշակերտի գիտելիքը:
«Շտեմարանային հարցերը, իհարկե, չեն կարողանա լիովին բացահայտել տվյալ թեմայից աշակերտի գիտելիքները: Շտեմարանները զուտ տեսական գիտելիքներ են ստուգում, այնինչ հայոց լեզու չի նշանակում միայն որոշակի կանոնների իմացություն: Վերլուծական աշխատանքների միջոցով լեզուն կոնկրետ գործածության մեջ է հանդես գալիս, այդպես լեզվի կարևոր գործառույթը իրագործված կլինի»։
Արդյո՞ք շտեմարանային համակարգը ստուգում է աշակերտի գիտելիքները հարցին Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սմբատը պատասխանեց.
– Եթե նկատի ունենք գործող շտեմարանը, ապա դա ոչ թե գիտելիքի ստուգում է, այլ ճիշտ հակառակը՝ ուսանողի կամ աշակերտի հոգեբանության վրա ներազդող, ճնշող համակարգ է: Կարծես թե ամեն ինչ արված է, որպեսզի դու հասկանաս, թե ինչքան բան դու չգիտես, թե ինչքան ծանր և անտանելի առարկա է պատմությունը: Հետևաբար կարծում եմ, որ ո՛չ, չկա այնտեղ տրամաբանական հարցերի շղթա:
– Դուք ինչքա՞ն ժամանակ է արդեն շտեմարանային համակարգով եք դասավանդում:
– Վեց տարի, միայն այս տարի կարողացանք վերջապես ազատվել այդ համակարգից:
–Մյուս հարցն էլ հենց դրան է վերաբերվում: Վերջերս մենք սկսել ենք վերլուծական աշխատանքներ անել: Կնշե՞ք տարբերությունները կամ նմանությունները շտեմարանի և վերլուծական աշխատանքների միջև:
– Վերլուծականի և գործող շտեմարանի միջև նմանությունն այն է, որ մենք ունենք «quiz»-ի պես հարցեր, որոնք նման են շտեմարանի ձևաչափին՝ այսինքն պարունակում են հարց և չորս հնարավոր տարբերակ, բայց նրանց մեջ մենք միայն ներառում ենք ամենակարևոր թվերը, փաստերը, իրադարձությունները, որոնք պատմությունից այսպես, թե այնպես պարտավոր ես իմանալ: Իսկ դրան հակառակ շտեմարանը խելքից դուրս հարցադրումներից է կազմված, որոնք խճճում են աշակերտներին: Հետևաբար, վերլուծականն է կարևորվում, որովհետև մեր մյուս հատվածը, որն ընդհանրապես չկա շտեմարանային համակարգի մեջ, որով հիմա արտասահմանում են սովորում, ստիպում է աշակերտին մտածել, տալիս է մտածելու հնարավորություններ և հմտություններ, ինչի համար շատ կարևոր է ընթերցանության հմտությունները: Եթե աշակերտը կարողանում է շատ լավ ընթերցել, ուրեմն կկարողանա ահագին հետաքրքիր վերլուծություններ անել, բայց պետք է նաև տիրապետել որոշակի հիմքային գիտելիքի: Սա մեր առավելությունն է և խիստ տարբերությունը:
–Իսկ ի՞նչ եք կարծում, կստացվի ավարտական քննությունները և միասնականները անցկացնել առանց շտեմարանի:
-Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ կգա դրա ժամանակը: Ժամանակագրություն չեմ կարող ասել. Հայաստանում դա միշտ էլ անորոշ է, բայց չի բացառվում, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացվի:
– Դուք կցանկանայի՞ք դա:
– Իհարկե, ճիշտ ճանապարհը դա է: Վերջապես դասագրքերի վերափոխելու խնդրի առաջ ենք կանգնած, կարծեմ նախարարն այդ հարցը բարձրացրել է: Մնում է՝ լավ դասագիրք գրել: Եթե պահպանվի այս շտեմարանը, ապա այս տեսքով չի մնա, կփոփոխվի: Կարծում եմ, որ դասագրքի փոփոխությունը կհանգեցնի շտեմարանի այս համակարգի փոփոխությանը: Եվ կստեղծվի նոր շտեմարանային համակարգ՝ վերլուծական մոդելի հիման վրա:
Յուլյա Ազնաուրյան