Ինչպես ճիշտ կետադրել էլեկտրոնային նամակը
Պաշտոնական նամակներ գրելիս հաճախ կատարվում են կետադրական սխալներ, որոնք անընդունելի են հայալեզու տեքստերի համար։ Պատճառն այն է, որ մարդիկ իրենց նամակները կետադրում են՝ հաճախ հիմնվելով անգլերենի կետադրության վրա։ Հիմնականում նամակները գրում են այս կետադրությամբ, որը սխալ է։
Հարգելի ընթերցող,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն էլեկտրոնային նամակը սխալ է կետադրված։
Սիրով՝
Հեղինակ
Այս նամակում առկա սխալների ուղղումներն են՝
1․ Կոչականի վրա միշտ դրվում է շեշտ։
Եթե կա լրացում, ինչպես այս օրինակում է, ապա շեշտը տեղափոխվում է նրա վրա։
2․ Կոչականից հետո ՉԿԱ ՍՏՈՐԱԿԵՏ։
Ճիշտ է՝ հայերենում կոչականը տրոհվում է նախադասության մյուս անդամներից ստորակետով, սակայն էլեկտրոնային նամակ գրելիս այս կանոնն անտեսվում է, որովհետև հաջորդ տողում նախադասությունը պետք է սկսվի մեծատառով։ Այսինքն՝ նախորդող հատվածում չի կարող լինել ստորակետ։ Այս դեպքում մեծատառով նախադասություն սկսելու կանոնը գերակայում է կոչականի տրոհման կանոնի հանդեպ։ Հետևաբար՝ հայալեզու նամակներում կոչականից հետո չի դրվում որևէ կետադրական նշան։
3. Հեղինակի անունը առանձին չի գրվում
«Սիրով», «հարգանքով», «ջերմորեն» և նման բառերից հետո հեղինակի անունը չի գրվում ներքևում, որովհետև հայերենում նախադասությունը չի մասնատվում։ Հետևաբար՝ հեղինակի անունը գրվում է այս բառերից անմիջապես հետո։
Օրինակի ճիշտ կետադրումն է՝
Հարգելի՛ ընթերցող
Ուրախ եմ տեղեկացնել, որ սույն էլեկտրոնային նամակը ճիշտ է կետադրված։
Սիրով՝ հեղինակ
Քնար Օհանջանյան