Անտառահատումն ու դրա բացասական կողմերը

«Անտառահատում» բառն արդեն հուշում է բացատրությունը՝  անտառի կտրում, հատում, ոչնչացում։ Անշուշտ, այս բառը լսելիս միանգամից մտածում ենք բացասական կողմերի մասին, որոնք բնավ քիչ չեն և նույնիսկ ավելի շատ են, քան դրականը։ Անտառահատման արդյունքում մարդիկ ստանում են թուղթ, վառելիք, կահույք, տարածք, տուն և ածխաթթու գազի ավելացում։ Եթե նշածս կետերից ընտրելու լինեինք ավելորդը, անշուշտ ածխաթթու գազը դուրս կմնար, որովհետև, ի տարբերություն մյուսներին, մարդու համար այն վատ ազդեցություն ունի։ Եվ իրոք՝ ամենամեծ կորուստներից մեկը, որն ունենում ենք անտառահատման արդյունքում, թթվածինն է։

Մարդիկ կարծում են, որ խնդիրը կլուծվի, եթե փոքր «ծառիկներ» տնկեն քաղաքում, բայց մի՞թե դրանք կկարողանան փոխհատուցել հսկայական կորուստը։ Իմ պատասխանն է՝ ո՛չ, որովհետև, ըստ վիճակագրության, ամեն օր աշխարհում մոտավորապես 2 միլիոն ծառ է կտրվում։ Համաձայնե՛ք՝ հսկայական թիվ է, իսկ քանի՞ «ծառիկ» է տնկվում ամեն օր։ Այսինքն՝ անտառահատման առաջին բացասական կողմը թթածնի պակասելն է և ածխաթթու գազի ավելանալը: Ի դեպ ածխաթթու գազի մեծ քանակը բերում է կլիմայի փոփոխության, որովհետև ջերմոցային գազեր (greenhouse gases) են արտանետվում միջավայր և խախտվում է ջրային ցիկլը

Ծառերն ու ջուրը ներառված են ջրային ցիկլում, իսկ նրանց բացակայությունը կհանգեցնի կլիմայի չորացմանը, որովհետև ջուրը չի գոլոշիանա և չի վերադարձվի միջավայր։ Սա վնաս է տալիս մարդուն, բայց, ավա՜ղ, մենք այս մոլորակի միակ բնակիչները չենք․ կենդանիներն էլ թթվածնի կարիք ունեն, սակայն անտառը նրանց համար միայն թթվածնի աղբյուր չէ։ Բոլորս էլ դիտել և սիրել ենք Դիսնեյի մուլտֆիլմները։ Գրեթե բոլոր մուլտերում գեղեցիկ անտառային պատկերներ կան, կենդանիներ, գլխավոր հերոսը գնում է անտառ և այլն։ Բոլորն էլ գիտեն Բեմբի եղնիկին, սակայն ոչ բոլորն են պատկերացնում, որ հազարավոր բեմբիներ են սպանվում, վտարվում, մնում անօթևան և անոթի` անտառահատման արդյունքում։  Ցավոք, բազում անտառային կենդանիներ են վերացել կամ ընդգրկվել են Կարմիր գրքում, բայց դեռ շատերին հնարավոր է փրկել՝  դադարեցնելով անտառահատումները կամ պակասեցնելով դրանց քանակը և տալով կենդանիներին այլ բնակավայր։ Կենդանիները մեզ նման են՝ ոչ ոքի դուր չի գալիս, երբ նրան զրկում են բարեկեցիկ ապրուստից։

Երբ փոքր էի, սիրում էի թղթի վրա նկարել անտառ, կենդանիներ, արև, սակայն ցավալի է, որ այդ նկարելու թուղթը ստանալու համար իսկական ծառ է հատվում։ Ինձ հայտնի է, որ թուղթ ստանում են միայն փայտից և այլընտրանք չկա կամ նույն չափ որակով չէ․ այս խնդրի համար կա լուծում։ Բոլոր երեխաներն էլ նկարում են նույն պատկերները թղթի վրա, իսկ վերջում ընտրում են լավագույնը՝ դեն նետելով մնացած նկարները։ Այսինքն՝ նման այլ թղթերի համար անհրաժեշտ է լինելու կրկին ծառ կտրել։ Խելացի երեխան ոչ թե դեն կնետի վատ ստացված պատկերը, այլ կուղարկի վերամշակման, սակայն, եթե երեխան դրա մասին չի մտածել, խելացի ծնողը կամ հասարակությունը կարող է անել՝ երեխայի մեջ զարգացնելով թղթի վերամշակման սովորույթը։ Եթե բոլոր այս նկարները վերամշակվեին, ամեն օր 17 ծառ կփրկվեր։ Իմ կարծիքով, մանկուց երեխաներին պետք է սովորեցնել թուղթ խնայել և նրանք կմեծանան՝ գնահատելով թուղթն ու ծառերը։

Այսպիսով՝ անտառահատումները բերում են թթվածնի պակասին և ածխաթթու գազի ավելացմանը, կլիմայի փոփոխությանը, կենդանիների ոչնչացմանը, ջրային ցիկլի խախտմանը, սակայն այս խնդիրներին հնարավոր է տալ լուծում՝ սահմանափակելով անտառահատումների քանակը, տալով կենդանիներին այլ բնակավայր կամ կառուցելով արգելանոցներ և ավելացնելով թղթի վերամշակման սովորույթը հասարակության մեջ։

Քնար Օհանջանյան

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *