«Այբի» ռոբոտիկայի ակումբի պատմությունն ու հաջողությունները
«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թվականից: Դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից՝ 2015 թ. հոկտեմբերի 13-ին բացված Ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Ռոբոտիկայի թիմն իր հաջողության սկիզբը դրել է 2012-ին, երբ «ԱրմՌոբոտիքս» բաց մրցույթի շրջանակներում «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավեցին 1-ին և 2-րդ պատվավոր հորիզոնականները՝ մրցելով իրենց գծին հետևող ռոբոտներով: 2014թ. նույն մրցույթում «Այբ»-ի ռոբոտաշինության թիմը գրավեց առաջին հաղթական հորիզոնականը:
2013թ. թիմը, ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Հարթֆորդում (ԱՄՆ) գտնվող Թրինթի քոլեջի կազմակերպած «Հրշեջ ռոբոտ» մրցույթին և իր «AybStorm» ռոբոտով արժանացել հատուկ մրցանակի՝ լավագույն տեսական լուծում տալու համար: Մրցույթին մասնակցում էին շուրջ 130 թիմ՝ աշխարհի 7 տարբեր երկրներից: 2014թ. Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադայում թիմը կրկին պատվով է հանդես եկել:
Իսկ ահա 2016 թվականի ապրիլի 7-9 «Այբ»-ի ռոբոտաշինության թիմը մասնակցեց հանրահայտ «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթին, որն անց էր կացվում ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում: Բարձր պահելով թե՛ դպրոցի, և թե՛ երկրի անունը՝ թիմը վերադարձավ արծաթե մեդալով և «Honda Innovation Award» պատվավոր մրցանակով: «Honda» ընկերության ներկայացուցիչներն իրենց հիացմունքն էին արտահայտել «Այբ»-ի թիմի քրտնաջան աշխատանքի մասին: Թիմի անդամներն էին Սիմոն Զոհրաբյանը, Արմեն Բարսեղյանը, Օնիկ Բաբաջանյանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Արեգ Կարապետյանը, Ֆելիքս Ղանքիլյանը, Արեգ Քալանթարյանը, Ասպետ Դավուդին:
«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթը համարվում է ռոբոտաշինության ամենաճանաչված և երկարամյա պատմություն ունեցող մրցույթը ողջ աշխարհում: Այն առաջին անգամ անցկացվել է 1986 թվականին: Բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոքեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթի գլխավոր հովանավորը «Հոնդա» ընկերությունն է:
2016-ին նշվում էր մրցույթի 30 ամյակը: Շուրջ 1300 մասնակիցները պայքարում էին իրենց ստեղծած 400 ռոբոտներով: Առաջին անգամ մասնակցելով միջազգային այս մրցույթին՝ մեր թիմը հաղթել է փորձառու թիմերի, որոնք տարիներ շարունակ իրենց ուժերն են փորձել այստեղ: Մրցույթին «Այբ»-ի թիմը ներկայացել է սումո ռոբոտով, որի նպատակը դաշտից հանելն էր մյուս՝ մրցակից ռոբոտներին: Սումո ռոբոտի առավելությունը բոլոր կողմերից սիմետրիկ կառուցվածքն է: Իսկ այն հարցին, թե ինչու գրավեցին երկրորդ հորիզոնականը, թիմի անդամները պատասխանում են, որ ռոբոտն ուներ փոքրիկ անսարքություն, որը կարելի էր ուղղել, սակայն դրա համար երկար ժամանակ էր պահանջվում, իսկ ռոբոտի կառուցվածքը չափազանց բարդ էր:
«Այբ» դպրոցի ռոբոտաշինության ակումբը այս տարի ևս մասնակցելու է «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2017» մրցույթին և պատրաստ է բարձունքներ նվաճել ու վերադառնալ ոսկե մեդալով: Մասնակիցները ներկայանալու են կռվող ռոբոտներով, որոնք մինչև 3 կգ քաշային սահմանափակում ունեն: Սա առաջին անգամն է, որ մեր թիմը կռվող ռոբոտ է պատրաստելու, որի դիզայնն արդեն ավարտված է:
7 հոգուց բաղկացած թիմի Միացյալ Նահանգներ մեկնելու ծախսը մոտ 16200 ԱՄՆ դոլար է: Ինչպես անցյալ տարիներին, այս տարի ևս «Այբի» ռոբոտիկայի ակումբը ակնկալում է որոշակի ֆինանսավորում ստանալ VivaCell MTS ընկերությունից, սակայն ողջ թիմի մասնակցության համար անհրաժեշտ է 10000$: Մրցույթը տեղի է ունենալու ապրիլ ամսին:
«Այբի» ռոբոտաշինության ակումբին աջակցելու համար կարող եք բացել այս հղումը և ձեր ներդրումն ունենալ մեր թիմի հաղթանակի մեջ:
Անժելիկա Հակոբյան