«Համակարգիչը գործիք է, որով տեսածդ չես արտահայտի». Մարի Ադամյան
«Այբ» դպրոցում գործում է «Արվեստանոց» կոչվող մի ակումբ, որի շրջանակներում աշակերտները ազատ զբաղվում են արվեստով և հանձնում են իրենց զգացմունքները թղթին՝ նկարելու կամ գրելու միջոցով։ Խումբն արդեն ունի երկու նախագիծ՝ «Ճեպոգիրք» և «Ռոքապատկերում», որոնց ավելի մանրամասն անդրադարձել եմ նախորդ հոդվածում։
«Ճեպոգիրքը» գրքույկ է, որի մեջ ներառված են ակումբի աշակերտների աշխատանքները՝ Երևանի պատկերները և նրա մասին գրական ստեղծագործություններ։ Աշակերտները բաժանվել են նկարիչների ու գրողների և միահյուսում են իրենց աշխատանքները «Ճեպոգրքում»։
Ակումբի գործունեության մասին վերջերս զրուցել էինք ակումբի երեք անդամների՝ Արթուր Միրզոյանի, Անահիտ-Աննա Մկրտչյանի, Աստղիկ Ղազարյանի և նրանց ղեկավարի՝ նկարչուհի Մարի Ադամյանի հետ։
21-րդ դարը համարվում է տեխնոլոգիայի և տեղեկության դար, ուստի «արվեստ» և «մշակույթ» եզրույթները փոխել են իրենց նշանակությունը։ Կան արվեստագետներ, ովքեր, վրձինը թողնելով, սկսում են աշխատել համակարգչով։ Այս հարցի շուրջ զրուցակիցներս փոքր-ինչ մտածեցին, իսկ հետո ընկեր Մարին նշեց. «Համակարգիչն ընդամենը գործիք է, որով տեսածդ չես արտահայտի։ Այն օգնում է յուրովի մշակել պատկերը, բայց մինչ մշակելը անհրաժեշտ է տեսնել, զգալ, ձեռքով պատկերել, իսկ հետո, եթե կա կարիք, մտածել համակարգչային ծրագրերի մասին։ Համակարգիչը երբևէ չի կարող հեղինակի փոխարեն տեսնել ու զգալ։ Մեր ժամանակներում շատ կարևոր է տիրապետել համակարգչային ծրագրերին, բայց նկարչության մեջ այդ հմտությունները միայն որպես օժանդակ օգնություն եմ դիտարկում՝ գործիք, որի միջոցով կարող ես է՛լ ավելի հետաքրքիր վիզուալ էֆեկտ հաղորդել քո ստեղծարար մտքին»։
Անահիտ-Աննան հավելեց. «Իմ կարծիքով, երբեմն մարդիկ շատ են «տարվում» համակարգչով և առանց դրա օգնության չեն կարողանում ստեղծագործել։ Մենք նույնպես ունեցել ենք նման խնդիր, երբ մեր նախագիծը ներկայացնելիս, մեզ ասել էին, թե ճեպոները մենք «գեղեցկացրել ենք» «Պրիզմա» (Prisma) կոչվող ծրագրով, ինչն իրականությանը չէր համապատասխանում, քանի որ մեր բոլոր աշխատանքները նկարել ենք ձեռքով»։
Երբ հարցրի, թե «Արվեստանոցը» առաջին խո՞ւմբն է, որ ունի նման նախագիծ և փորձում է քաղաքը իր տեսանկյունից ներկայացնել, խմբի անդամները աներկբա պատասխանեցին, որ դրանով նույնիսկ չեն հետաքրքրվել, և ծիծաղելով ավելացրեցին՝ չեն ձգտում լինել միակն ու անկրկնելին։ Սակայն Աստղիկը հիշեց, որ, երբ դեռ նոր էին պլանավորում իրենց նախագիծը, մի կայք էր գտել, որտեղ տեղադրված էին Ամստերդամի՝ քաղաքացիների կողմից արված ճեպանկարներ, որոնք յուրահատկություն են հաղորդում այդ քաղաքին։ Բոլորս համաձայնեցինք, որ նման նախագիծը իրոք հետաքրքիր է, և այս խոսակցության ընթացում հիշատակվեց հայ նկարիչ Պետրոս Պողոսյանը, ով պատկերում է Երևանը ջրաներկով։Այսինքն՝ կարելի է ասել, որ քաղաք պատկերելը բնավ նորություն չէ, սակայն նկարիչների քանակը քիչ է։
Իրենց ձեռքի աշխատանքներով էլ ակումբի անդամները փորձում են պահպանել քաղաքի «մարող» շունչը։ Այստեղից էլ խոսք եղավ՝ քաղաքի նախկին տեսքը պահպանելու մասին։ Արթուրը նշեց, որ իր համար հատկապես ընդունելի չէ «ԱՕԿՍ»-ի կողքի շենքը։ Եվ իրոք հին շենքի կողքին կառուցվել է մի հսկայական շինություն, որն այդքան էլ չի համապատասխանում Երևանի ընդհանուր տեսքին։
Այսպիսով՝ տեխնոլոգիաների զարգացման պատճառով «արվեստ» և «մշակույթ» եզրույթները փոխել են իրենց իմաստը, սակայն պետք է հիշել, որ նույնիսկ նորագույն տեխնոլոգիաներով օժտված լինելու դեպքում, առանց զգալու չես կարող ստեղծագործել։
Քնար Օհանջանյան