Քաղաքի շունչը ճեպանկարներում
2016 թվականից «Այբ» դպրոցում գործում է «Արվեստանոց» ակումբը, որի ղեկավարն է նկարչուհի և մեր դպրոցում գծանկարի ուսուցչուհի Մարի Ադամյանը։ Ակումբի գործունեության մանրամասներին մենք անդրադարձանք ղեկավարի և երեք մասնակցի՝ Արթուր Միրզոյանի, Անահիտ-Աննա Մկրտչյանի և Աստղիկ Ղազարյանի հետ մեր զրույցում։ Ինչպես նշեցին խմբի անդամները,««Արվեստանոցը» ստեղծագործելու համար բաց հարթակ է, որտեղ ազատ կարելի է միահյուսել արվեստի մի քանի ճյուղ»։
Խումբը ստեղծվել է ընկեր Մարիի առաջարկով և աշակերտների՝ հատկապես շրջանավարտների, ցանկությամբ։ Նրանք նույնիսկ դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էին ունենալ ստեղծագործական խմբակ։ Այն փաստը, որ շրջանավարտները պատրաստ են շաբաթական մեկ անգամ կրկին գալ դպրոց և արվեստով զբաղվել, շատ էր ոգևորել ընկեր Մարիին, և այդպես ստեղծվեց «Արվեստանոցը»։ Հիմա ակումբում կա ինը մասնակից, որոնցից չորսն ուսանում են «Այբում», իսկ հինգը շրջանավարտ են։
Ակումբի անդամները համատեղում են կիրառականը տեսականի հետ։ Հարցին, թե ի՞նչ են սովորում «Արվեստանոցում», Արթուրը պատասխանեց. «Արվեստ սովորելու ամենահետաքրքիր պահերից մեկն այն է, որ ոչ թե սկզբում տեսական մասն ենք սովորում, իսկ հետո գնում փորձարկելու, այլ ամեն ինչ տեղի է ունենում միաժամանակ։ Այս նախագծերն իրագործելով՝ այնքան շատ հմտություններ ենք ձեռք բերում, որ հնարավոր չէ հակիրճ պատմել ամենի մասին։ Մեր նպատակն է հնարավորինս բացահայտել արվեստը, ընդլայնել նրա սահմանները և փորձառություն ձեռք բերել»։
Առաջին նախագիծը կոչվում է «Ճեպոգիրք»։ Այս նախագծում համատեղվել են նկարչությունն ու գրարվեստը։ Սովորաբար նկարիչ-ուսանողները «ճեպանկար» բառը կրճատում և անվանում են «ճեպո», այստեղից էլ «Արվեստանոցի» անդամները հորինել են նախագծի անվանում՝ «Ճեպոգիրք», որը աշակերտների ստեղծագործությունների՝ ճեպանկարների և գրական աշխատանքների հավաքածու է։ Աշակերտները բաժանվել են երկու խմբի՝ նկարիչներ և գրողներ։ Նկարիչների նպատակն է շրջել քաղաքով և նկարել նրա գողտրիկ անկյունները, հին քաղաքի հատվածները, որոնց, հնարավոր է, շատերը չեն էլ նկատում, իսկ գրողները նույն հատվածների մասին գրում են տեքստ՝ բանաստեղծություն, պատմվածք կամ այլ ստեղծագործություն։ Ինչպես նշեցին ակումբի անդամները, «գրողներն ու նկարիչներն աշխատում են զուգահեռաբար, այսինքն՝ նկարիչը պատկերում է ճեպանկար, իսկ գրողը, այն տեսնելով, ոգեշնչվում և գրում է տեքստը։ Նաև հակառակը, օրինակ, գրողը գրել է ինչ-որ շենքի մասին տեքստ, իսկ նկարիչը, հիմնվելով տեքստի վրա, ճեպանկար է արել»։
2016-ի աշնանն աշակերտները շրջել են Սարյան, Կողբացի, Պուշկին, Թումանյան փողոցներով, ինչպես նաև արդեն կա Կոնդ թաղամասի նկարը։ Ճեպանկարն որևէ օբյեկտի (բնորդի, վայրի) արագ պատկերված նկարն է (sketch)։ Որակյալ նմուշ ունենալու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընտրվի լավագույնը։ Սա հիմնական խնդիրներից է, որի առջև կանգնել էին աշակերտները։ Ցրտի և ժամանակի սղության պատճառով աշխատանքները հետաձգվել են, սակայն գարնանը դրանք անպայման շարունակվելու են։
Խումբն ուներ ևս մեկ խնդիր՝ հասարակության արձագանքը։ Վերջին տարիների ընթացքում շատ հին շենքեր են քանդվել. հասարակության մեջ վախ է առաջացել, որ ուրիշ շենքեր էլ կքանդվեն։ Մարդիկ, տեսնելով նկարող աշակերտներին, սկսում էին քննադատել և հարցեր տալ։ Սակայն նկարիչները բացատրում էին, որ նկարներն արվում են Հին Երևանի շունչն ու մթնոլորտը փոխանցելու համար ։
Քաղաքի շունչն զրուցակիցներիցս յուրաքանչյուրը տարբեր սահմանեց։
«Ինձ համար քաղաքի շունչն այն բոլոր փողոցներն ու առարկաներն են, որոնք պահում են ինձ այստեղ, և որոնք ես շատ եմ սիրում։ Օրինակ՝ Երևանի աշնանային եղանակը կամ Կոնդ թաղամասը, որի մասին գրել եմ մի փոքրիկ պատմվածք, իսկ Իննան ճեպանկար է արել»,- նշեց Աստղիկը։
Անահիտ-Աննան նշեց, որ նրա համար քաղաքի շունչն այն ամենն է, ինչ ստիպում է կարոտել քաղաքից բացակայելիս։
Իսկ Արթուրը պարզաբանեց, որ քաղաքի շունչն առարկաների և փողոցների ասոցիացիաներն են։ Քաղաքի մասին գրելով կամ այն նկարելով՝ «Արվեստանոցի» անդամները փորձում են վերաիմաստավորել այն ամենն ինչ տեսնում են։
Ակումբը պլանավորում է նաև ստեղծագործել Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Արթուրն արդեն գրել է երեք հատվածից բաղկացած աշխատանք՝ եռագրություն, այս երեք քաղաքների եկեղեցիների մասին, որովհետև Արթուրի ստեղծագործության մեջ եկեղեցիները կենտրոնական դեր ունեն։
Հետագայում «Ճեպոգիրքը» կարող է հասանելի լինել նաև զբոսաշրջիկներին, ովքեր կկարողանան տեսնել քաղաքը ոչ թե «տուրիստի» տեսանկյունից, այլ բնակչի աչքերով կնայեն քաղաքին։
«Արվեստանոցի» երկրորդ նախագիծը կոչվում է «Ռոքապատկերում»։ Այստեղ միահյուսվելու են երաժշտությունն ու նկարչությունը։ Ակումբի յուրաքանչյուր անդամ ընտրել է հայկական որևէ երաժշտական խումբ և պատրաստում է նկարել ձայնասկավառակի համար շապիկ։ Նրանց ընտրած խմբերից են «Առասպելը», «Նեմրան», «Դոգման», «Lav Eli-ն», ինչպես նաև «Այբի» «Battle of Evermore» բենդը։
Այսպիսով՝ «Արվեստանոցը» ազատ ստեղծագործելու համար մի միջավայր է, որի անդամները թղթին են հանձնում իրենց զգացմունքները՝ նկարելու կամ գրելու միջոցով։
Քնար Օհանջանյան