5 վայր, որտեղ արժե լինել

Վերջին երկու տարվա ընթացքում ինձ բախտ վիճակվեց այցելել հինգ հրաշալի քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրից շատ տպավորված եմ: Թեպետ հինգն էլ բավականին տարբերվում էին իրարից, բայց նրանց միավորում էր մեկ բան` այդտեղ կուզենայիք վերադառնալ: Այժմ կներկայացնեմ բոլոր հինգ քաղաքները, որոնց մասին նկարագրությունը լրացրել են իմ արած նկարներով։

Վենետիկ

Վենետիկում եղել եմ այս ձմռանը և վերադարձել եմ հարուստ տպավորություններով ու հիշողություններով: Վենետիկը, ինչպես գիտենք, ջրի վրա կառուցված հազարամյա քաղաք է, և շատերն են երազում կյանքում գեթ մեկ անգամ լինել այնտեղ: Իզուր չէ, որ Վենետիկի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, այնտեղ նկարահանվել են շատ ու շատ ֆիլմեր, և բավականին հաճախ Վենետիկում անցկացվում են միջազգային տարատեսակ փառատոններ: Նախքան Վենետիկ այցելելն արդեն գիտեի, որ բավականին տպավորիչ օրեր են ինձ սպասվում: Չնայած եղանակը հիմնականում անձրևային էր՝ միևնույնն է, իտալացիների աշխույժ կենսակերպը, գոնդոլաները, փողոցային երաժիշտներն ու ճարտարապետությունը չէին թողնում անտարբեր անցնել և դժգոհել եղանակից:

Նյու-Յորք

ny-1

Վենետիկից բավականին շատ տարբերվող մեկ այլ հրաշալի քաղաքը հաճախ անվանում են «աշխարհի մայրաքաղաք»: Մինչ Նյու-Յորք այցելելն նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչու են այս քաղաքն այդչափ կարևորում, սակայն այցելելուն պես անմիջապես սկսեցի հետևել ամերիկացիների եռանդուն և գործնական առօրյային: Նյու-Յորքի ճարտարապետությունը, բնական է, շատ տարբեր է ու առանձնահատուկ: Չնայած հիմնականում Մանհեթենում էի լինում, սակայն հասցրել էի ընկալել Նյու-Յորքի «հոգեբանությունը»: Թեև բարձրահարկ շենքերով հարուստ այս քաղաքն անընդհատ շարժման մեջ է, սակայն ցանկացած ոք կարող է նստել մի գողտրիկ սրճարանում, ըմպել ամերիկյան սուրճն ու վայելել այդ «եռուզեռը», որը, հավատացնում եմ, երբեք չի ընդհատվում: Ինձ համար ամենատպավորիչ վայրերն էին Թայմս սքուերը, կենդանաբանական ու կենտրոնական այգիները:

Նիս

Միջերկրական ծովի ափին գտնվող այս քաղաքն իմ ամենասիրելի քաղաքներից է: Նիսում եղել եմ 7 անգամ և բոլորովին չեմ փոշմանում, որ ամառային օրերս անցկացրել եմ հենց այդտեղ: Ֆրանսիական ոճին բնորոշ շարմով կառուցված այս քաղաքը, իզուր չէ, որ ամեն տարի միլիոնավոր տուրիստների է ընդունում: Նիսի հյուրընկալությունը, ամենօրյա կազմակերպվող փառատոներն ու յուրահատուկ ճոխությունն են, որ ստիպում են վերադառնալ: Անգլիական պրոմենադի մասին, որը հանդիսանում է Նիսի սիրտը, գրվել են բանաստեղծություններ, երգեր, նկարահանվել են բազում հանրահայտ ֆիլմեր: Առավոտը Նիսում հիմնականում անցկացնում են արևոտ լողափերում, կամ էլ ուղևորվում են էքսկուրսիաների քաղաքի տեսարժան վայրերով: Երեկոն Նիսում նույնպես տպավորիչ է, շնորհիվ աշխույժ փողոցային սրճարանների ու շքեղ փառատոների:

Թբիլիսի

Հայերի կողմից շատ սիրված այս վրացական քաղաքը նույնպես յուրահատուկ է իր գեղեցկությամբ ու հնադարյան ճարտարապետությամբ: Աշնանը Թբիլիսին ինձ համար առավել տպավորիչ է և գեղեցիկ, քանի որ դեղնակարմիր փողոցներն ավելի են ընդգծում սպիտակ քարից կառուցված շքեղ շենքերը: Թեպետ որոշ փողոցներ կտրուկ տարբերվում են միմյանցից, սակայն բոլորն իրար հետ կազմում են Թբիլիսիի անբաժանելի մասը: Եկեղեցիները (ընդ որում` շատերը հայկական) հանդիպում են Թիֆլիսում գրեթե ամեն քայլափոխի, անգամ ամենանեղ փողոցներում, որոնք, իմիջիայլոց, ինձ նույնպես շատ եմ հավանում:

Հռոմ

Մեկ այլ պատմություն է հանրահայտ Հռոմը: Այս քաղաքը, երևի թե, միլիարդավոր մարդկանց երազանքի քաղաքն է, քանի որ նրա պատմությունն ու եզակի ճարտարապետությունը ոգեշնչել են ոչ միայն հասարակ զբոսաշրջիկների, այլ նաև արվեստագետների ու ռեժիսորների: Հայտնի Քոլիզեյը, Պանթեոնը, Հռոմեական ֆորումն ու ֆոնտան Տրեվին ինձ անտարբեր չէին կարող թողնել: Հռոմի առանձնահատկությունն այն է, որ շատ փոքր ու նեղ տարածքներում հազարամյակներ առաջ կառուցվել են այս համաշխարհային հրաշալիք դարձած և երկարատև պատմություն ունեցող կենտրոնները: Նշեմ նաև, որ տաք եղանակին կարելի է ամբողջ օրն անցկացնել Հռոմն ուսումնասիրելով ու բացահայտելով:

Արինա Սահակյան

Լուսանկարները՝ հեղինակի

You may also like...

Leave a Reply