Շեքսպիրյան լաբիրինթոսը

Ուիլյամ Շեքսպիրը այն գրողների շարքին է դասվում, ում ստեղծագործություններն առ այսօր իրենց արդիականության պատճառով բեմադրվում են։ Հետաքրքիր է, որ ներկայացումները հիմնականում չեն բեմադրվում բնագրով, այսինքն՝ բեմադրիչներն ավելացնում կամ փոխում են որոշ տարրեր, ներկայացումը դարձնելով ավելի հետաքրքիր ու յուրօրինակ։ Նման ներկայացում է բեմադրել Վահան Բադալյանը «Փոքր թատրոն»-ում, որը կոչվում է «Շեյք»։

pic6

Այն իր մեջ միաձուլել է Շեքսպիրի 4 հայտնի ողբերգությունները՝ «Համլետը», «Մակբեթը», «Օթելլոն», «Լիր արքան», պարային մեկ ներկայացման մեջ։ Այս ներկայացումները, ինչպես նշել է բեմադրիչը, ունեն շատ ընդհանրություններ։ Զուգահեռներ կարելի է գտնել և՛ իրավիճակներում, և՛ կերպարներում։ Դրանցից է օրինակ՝ խելագարությունը։ Լեդի Մակբեթը («Մակբեթ»), Օֆելյան («Համլետ»), Լիր արքան խելագարվում են` ընկնելով խորը ապրումների մեջ, այս պատճառով էլ այս դրվագները ներկայացման ընթացքում հաջորդում էին միմյանց։ Մեկ այլ նմանություն է այն, որ և՛ Լիր արքայի դստրերը, և՛ «Մակբեթ»-ի վհուկները 3-ն էին։

Լեդի Մակբեթի խելագարման պահը

Լեդի Մակբեթի խելագարման պահը

Սակայն ամենազարմանալին ինձ թվացել էր Համլետ և Մակբեթ կերպարների նմանությունը, որովհետև այն միաժամանակ նաև նրանց տարբերությունն էր։ Երկուսն էլ պատրաստվում էին մարդասպանության, ունեին նույն մտքերն ու նպատակը, սակայն Մակբեթը դա արեց, իսկ Համլետը՝ ոչ։ Այստեղ նկատվում է մարդկային արժանիքների տարբերությունը, որին ես, մինչ ներկայացման դիտումը, ուշադրություն չէի դարձրել։ Համլետը փիլիսոփա էր, ով խորը մտածում էր գործողությունների մասին, սակայն դրանք չէր իրագործում, իսկ Մակբեթը՝ զինվորական, ով իրոք վերցրել է թուրը և մարդ սպանել։ Ներկայացումը դիտելուց հետո ավելի հասկանալի դարձան կերպարների ապրումները, իսկ գործողությունները՝ առավել տրամաբանական։

Օֆելյայի դերակատարը կատարում է "Խելագարության պահ" (A moment of madness) երգը

Օֆելյայի դերակատարը կատարում է “Խելագարության պահ” (A moment of madness) երգը

Հետաքրքիր է , թե որտեղ են տեղի ունենում ներկայացման գործողությունները։ Պատասխանը՝ մեր ուղեղում։ Բեմադրությունը սկսվում է պտտվող մարդով, ում առաջ լաբիրինթոս է, որը խորհրդանշում է ողջ կյանքի ընթացքում մարդու լաբիրինթոսի մեջ լինելը, և հենց նա՛ պետք է ընտրի, թե որ ուղղությամբ է պետք գնալ։ Բոլորն ունեն ընտրության հնարավորություն, ինչպես նաև Շեքսպիրի կերպարները։ Սա էր ներկայացման ողջ ուղերձը։

Տեսարան ներկայացումից

Տեսարան ներկայացումից

Բեմադրիչ Վահան Բադալյանը նշեց, որ ներկայացման միտքն իր մոտ ծագել էր այն ժամանակ, երբ Գ․Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրում էր «Մակբեթ» պիեսը։ Նույն գործը մի քանի անգամ կարդալուց հետո նա նկատել էր պիեսների միջև զուգահեռներ, որոնք իրեն ոգեշնչեցին միավորել դրանք մեկ միստիկ ներկայացման մեջ։ Բայց բեմադրիչը ցանկանում էր, որ այն տարբերվի այլ ներկայացումներից, այս պատճառով էլ այն պարային է։ «Շեյք»-ը որոշ չափով նորություն է նաև պարային ասպարեզում։ Խորեոգրաֆն է Տոմա Այդինյանը, ով նաև խաղում էր ներկայացման մեջ։

«Շեյք»-ի դերասանուհիները

«Շեյք»-ի դերասանուհիները

Դերասանները 8-ն էին, և իրենց թիմային աշխատանքը բեմի վրա գովելի էր։ Միգուցե այն պատճառով, որ նրանք մանկուց հաճախել են «Փոքր թատրոն» որպես աշակերտներ, իսկ ապա՝ դերասաններ։ Բեմադրիչի հետ խոսակցությունից իմացա, որ նրանցից երկուսն ունեին հաշմանդամություն։ Այս փաստը միայն բարձրացնում է ներկայացման վարկանիշը, որովհետև նրանց խաղի ընթացքում ես ընդհանրապես չէի նկատել։ Փորձերը տևել են 3 ամիս։

 Համլետը

Համլետը

Այս ներկայացման գլխավոր խնդրին են առնչվել շատ բեմադրիչներ։ Դա հայերենով վատ թարգմանություններն են։ Պարոն Բադալյանը նշեց, որ վատ թարգմանությունների պատճառով սովորաբար պիեսի գլխավոր միտքը չի ընկալվում ընթերցողի մոտ։ Եթե մի պահ մոռանանք կետադրական և ուղղագրական սխալները, գրքերն ունեն այնպիսի մտքեր, որոնք տարբերվում են հեղինակի մտքերից։ Սա է ամենամեծ խնդիրը, որը սովորաբար խոչընդոտում է լավ ներկայացումների բեմադրությանը։

Քնար Օհանջանյան

Լուսանկարները՝ «Փոքր Թատրոնի» ֆեյսբուքյան էջից

You may also like...

Leave a Reply