Փարիզն իմ աչքերով

Փարիզն իմ աչքերով

Շատերին հարցնելով, թե որ քաղաքը կուզենայիք տեսնել անմիջապես պատասխանում են՝ «Փարիզը»: Ոմանք անգամ ասում են, որ Փարիզը տեսնելը նրանց երազանքն է: Մարդկանց մեծ մասը նման պատասխան է տալիս անգամ չպատկերացնելով, թե ինչ է իրականում այդ «Սիրո և նորաձևության քաղաք» Փարիզը:

Որոշեցի հարցնել Փարիզում եղած մարդուց, թե ինչպիսի տպավորություն թողեց իր վրա «այդ Փարիզը»: Նա պատմեց ինձ, որ պատկերացնում էր մի քաղաք, որտեղ հետևում են նորաձևության վերջին նորություններին: Նա ակնկալում էր տեսնել «նորաձևության մայրաքաղաքը», սակայն տեսավ միայն ուսապարկերով և սպորտային հագուստով փարիզեցիների, ովքեր մետրոյով շտապում էին աշխատանքի: Խոսելով մետրոյի մասին՝ զրուցակիցս ասաց, որ այդպիսի քաղաքի համար այն շատ անշուք և մոլորեցնող էր: Միևնույն ժամանակ, մի քանի ժամ զբոսնելով Շանզելիզեով, նա հիացած էր տոնավաճառով, որտեղ վաճառում էին ֆրանսիական եզակի աքսեսուարներ:

Անցյալ տարի ես էլ գնացի նաև իմ՝ ինչ-որ տեղ երազանքի Փարիզը: Ես հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում տեսնել և ինչ եմ ուզում ստանալ այդ քաղաքից: Ուզում էի հասկանալ՝ արդյո՞ք Փարիզն այնպիսին է, ինչպիսին նկարագրված է գրքերում, արդյո՞ք Փարիզի Աստվածամոր Տաճարն այն վեհ կառույցն է, որտեղ ապրում էր Կվազիմոդոն, կամ ինչպիսի՞ն է Սեն Ժերմենի հրապարակը, որտեղ մենամարտում էին հրացանակիրները: Այդ առումով Փարիզը ինձ համար մնաց «Փարիզ», քանի որ ես տեսա այն հիասքանչ պատմական քաղաքը, որը պահպանել է իր մշակութային արժեքները:

Մեկ բան, սակայն, փչացրեց ինձ համար քաղաքի հմայքը: Էյֆելյան աշտարակ կոչվող այդ երկաթե «կառույցը» ստեղծվել էր ցուցահանդեսի մասնակցելու համար և զարմանալի էր, որ ցուցահանդեսից հետո աշտարակը ոչ թե քանդվեց, այլ պահպանվեց և, չգիտես ինչպես, վերածվեց Փարիզի խորհրդանիշի: Այժմ Փարիզը նկարների և հուշանվերների վրա պատկերվում է Էյֆելյան աշտարակով: Փարիզ ասելով մարդիկ պատկերացնում են Էյֆելյան աշտարակը և մոռանում փարիզյան մյուս հրաշքները: Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ Էյֆելյան աշտարակն այցելելու հերթն ավելի մեծ է, քան Նոտր Դամինը: Բարձրանալով աշտարակը՝ ես այդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե որն է երկաթյա աստիճանների հմայքը: Այդ կառույցն ինձ համար մնաց որպես մի «մետաղի կտոր», որը միայն ստվեր է գցում Փարիզի վրա: Պարզվեց, որ հռչակավոր Գի դը Մոպասանն էլ է նույն կարծիքի: Նա գրեթե ամբողջ օրն անցկացնում էր Էյֆելյան աշտարակի սրճարաններում, պատճառաբանելով, որ դա միակ տեղն է Փարիզում, որտեղից չի երևում այդ աշտարակը:

Փարիզի առանձնահատկությունը ես համարում եմ փողոցային սրճարանների մշակույթը: Օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակի, անգամ ամենանեղ փողոցում կարելի է տեսնել բացօթյա սրճարանում սուրճ կամ գինի խմող փարիզեցիների: Մի քանի օր Փարիզում մնալով՝ ես հասցրեցի նկատել, որ փարիզեցիների շատ աշխատանքային հանդիպումներ տեղի են ունենում հենց այդ սրճարաններում՝ փարիզյան սուրճով և կրուասանով:

2426005

Փարիզն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ, սակայն նրա եզակի գեղեցկությունը ծածկում է բոլոր թերությունները, որոնք կան աշխարհի բոլոր քաղաքներում:

You may also like...

Leave a Reply