Ինչպես կարող է մեր իսկ ենթագիտակցությունը մեզ խաբել

Շատերիս հետ հավանաբար պատահել է, երբ փորձել ենք լուծել երկրաչափության, հանրահաշվի, քիմիայի կամ մեկ այլ առարկայի խնդիր, սակայն մի քանի անհաջող փորձից հետո ուղղակի կանգ ենք առել ու այլևս չենք էլ փորձել շարունակել:

Ամերիկացի հոգեբան Մարտին Սելիգմանը ուսումնասիրել է նմանատիպ երևույթները և եկել այն եզրակացության, որ մարդիկ (կենդանիները) վարժվելով որևէ դժվար իրավիճակի՝ շատ անգամ նույնիսկ չեն էլ փորձում դրանից դուրս գալ: Այսինքն, անօգնական իրավիճակը որոշակի ժամանակահատվածի համար դառնում է սովորական: Սելիգմանի ուսումնասիրություններից հետո գործածության մեջ մտավ «սովորած անօգնականություն» տերմինը (learned helplessness):

Մարտին Սելիգման

Մարտին Սելիգման

Սելիգմանն իր ուսումնասիրության շրջանակներում կատարել է մի փորձ, որի ընթացքում շների մի խումբը էլեկտրահարվել է, իսկ մյուսը՝ ոչ: Փորձի վերջում երկու խմբերի շները պետք է փորձեին թռչել ոչ բարձր արգելքների վրայով՝ էլեկտրահարվելուց խուսափելու համար: Այն շները, որոնք չէին էլեկտրահարվել, ավելի հեշտ հաղթահարեցին արգելքները, իսկ մյուս խումբն ուղղակի դիմանում էր ցավին: Այսինքն նրանք շատ հանգիստ կարող էին խուսափել էլեկտրահարվելուց, բայց վարժված լինելով, ուղղակի ոչինչ չարեցին:

Նմանատիպ փորձ կատարվել է ամերիկյան մի դպրոցում: Ուսուցիչը աշակերտներին բաժանել է թղթիկներ, որոնց վրա գրված էին բառեր՝ տառերի հերթականությունը փոխած: Դասարանը կիսվել էր երկու մասի: Մի խմբի թերթիկների առաջին երկու բառերը հնարավոր էր վերականգնել, իսկ մյուս խմբի առաջին բառերը ուղղակի գոյություն չունեին: Երրորդ բառը երկու խմբի մոտ էլ նույնն էր: Երկրորդ խումբը տեսնելով որ «հակառակորդ» խումբը կարողացավ վերականգնել առաջին բառերը՝ իսկ իրենք ոչ, երրորդ բառը նույնպես չկարողացավ «գտնել»: Այսինքն երկու անհաջող փորձերից հետո նրանք սովորեցին այն վիճակին, որ չեն կարողանում լուծել խնդիրը և չցանկացան նույնիսկ փորձել:

Այսպիսի իրավիճակում ամենակարևորը մեր մտածելակերպն է, քանի որ հիմնականում մեր գործողությունները բխում են մեր մտքերից: Եվ եթե այս դեպքում առաջնորդվենք բացասական տրամադրվածությամբ, պարզ է, որ չենք կարողանա լուծել որևէ խնդիր: Մեր իսկ ենթագիտակցությունը շատ անգամ կարող է մեզ խաբել, բայց ինքնակառավարման շնորհիվ խնդիրները դառնում են լուծելի:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *