«Քարե դարդի» և Տեր Մեսրոպ քահանա Արամյանի միջև՝ One direction-ի նվագակցությամբ

Անզգուշաբար բաց թողած համակարգչիս էկրանին երեկ կրտսեր եղբայրս տեսավ Քիմ Քարդաշյանի «պապայի» լուսանկարը, ով իրականում «մամա» էր։ «Հիմա ինքը Քիմ Քարդաշյանի ի՞նչն է» հարցին այդպես էլ չգտա պատասխան, որից եղբայրս որևէ բան կհասկանար։

Տեղեկատվության հասանելիության այսօրվա՝ գրեթե անսահման, հնարավորությունների պայմաններում աշխարհը ճանաչել ցանկացողի համար արտաքին ներազդեցություններից մոլորվելը երևի ամենահեշտն է։ Հարյուրավոր աղբյուրներից եկող հազարավոր «ճշմարտությունները» չափից շատ են իրար հակասում։ Անգամ բնական գիտությունները, որոնք, թվում է, թե ամեն ինչում առավել հիմնավոր են, լինում է՝ «դավաճանում են»։ Մի օր կպարզվի, որ «երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ» անքննելի ճշմարտությունը այնքան էլ ճշմարտություն չէ, և օրինակ, երկու կետով մեկից ավելի ուղիղ հնարավոր է տանել։

Այս ամենը լուրջ սթրես է առաջացնում միջին վիճակագրական մարդու մոտ:

Վերադառնանք մեր առօրյային…

15586207028_d43e802e72Յուրաքանչյուր այբեցու համար, օրինակ՝ շաբաթն ավարտվում է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի զրույցներով։ Ուրբաթ երեկոյի մեկ ժամը բոլորիս տանում է դեպի Սուրբ Գիրք, դեպի լույս, դեպի Աստվածային ճշմարտութուններ, դեպի հավերժական արժեքներ ու աստվածավախություն։

Այդ հանդիպումների նպատակն է րոպեներ առաջ ընդմիջմանը պատի տակ One direction լսող այբեցիներին մոտեցնել Կոմիտասին, կամ սիրո մասին փոփ երգերի բովանդակությանը զուգահեռ ներարկել սերն առ Աստված։

Հետո այդ երեկոն բոլորիս համար, իհարկե, կշարունակվի տանը, որտեղ հեռուստաեթերի փրայմ-թայմում կսկսենք ընկալել նոր «ճշմարտություններ» արդեն շատ պոպուլյար՝ «Քարե դարդ» սերիալից։

maxresdefault

Ուղիղ հակառակ ճշմարտությունների այս շղթան անվերջ է և ամենօրյա։ Ինչպե՞ս չխճճվել այդ ամենում և ինչպե՞ս գտնել ճշմարտությունը։

Փակե՞լ տեղեկատվական բոլոր՝ քո կարծիքով, սխալ հոսքերը դեպի սեփական ուղեղ։ Բայց ինչպե՞ս հասկանալ, թե որ հոսքն է սխալ և որը ճիշտ։ Միգուցե ճիշտ ճանապարհը տեղեկատվական բոլոր աղբյուրների հանդեպ բաց լինե՞լն է, պայմանով, որ կունենաս ներքին այնպիսի ուղեցույց, որ չես մոլորվի այդ հոսքերում, գերի չես մնա «կարմիր սպառտիվկային» և ինքդ քեզնով կգտնես քո ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը քեզնից առաջ միլիոնավոր անգամ մարդիկ գտել են իրենց համար, բայց քո գտածը հենց արժեքավոր կլինի նրանով, որ դու ես գտել։ Ճշմարտությունը գտնելու համար էլ ուժ է պետք, և այդ ուժը առաջին հերթին պետք է մնայունը անցողիկից տարբերել կարողանալու համար։

 

You may also like...

Leave a Reply