Ինչն է ազդում ամերիկացիների՝ մասնագիտության ընտրության վրա
Ավագ դպրոցում եմ և այժմ մասնագիտության ճիշտ ընտրության խնդիր ունեմ։ Քննարկելով ընկերներիս հետ ու նորմալ պատասխան չստանալով՝ որոշեցի ինքնուրույն հասկանալ, թե ինչպես են մասնագիտությունն ընտրում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում. ի՞նչն է նրանց համար ամենակարևորը՝ սեփական հետաքրքրությունները, թե այլ՝ ավելի ազդեցիկ գործոններ:
Համացանցը փորփրելով՝ հայտնաբերեցի, որ ամերիկացիների որոշման վրա ամենից շատ ազդում է ապագա մասնագիտության եկամտաբերությունը: Ըստ «Սերունդը ճոպանի վրա. Քոլեջի ներկայիս ուսանողի դիմանկարը» (Generation on a Tightrope: A Portrait of Today’s College Student) գրքի հեղինակ Արթուր Լևինի, բիզնես սովորողների 23%-ից միայն 7%-ն է խոստովանել, որ այդ ոլորտը իրենց իսկապես հետաքրքրում է: 2012 թվականին անցկացված հարցումները վկայում են, որ ԱՄՆ-ի ուսանողների 67%-ը ընտրել են իրենց մասնագիտությունը բարձր աշխատավարձի համար, մինչդեռ 1976 թվականին հարցվածների միայն 44%-ն էր դա հաշվի առնում: Իսկ մեծահասակների շրջանում հարցումները պարզել են, որ մեծերի երկու երրորդից ավելինիրենց «երազանքների մասնագիտությունը» փոխել են ավելի վարձատրվող աշխատանքով:
Մասնագիտության ընտրության հարցում մեծ ազդեցություն են ունենում նաև աշակերտի ծնողները: GTI Media կազմակերպության հարցումներին մասնակցած ավելի քան 3000 աշակերտներիև 800 ծնողների 54%-ը հայտնել է, որ ծնողները փորձել են ազդել երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա: Ընդ որում 66%-ը գտնում է, որ մասնագիտության ընտրության հարցում ծնողների ազդեցությունը դրական էր,և միայն 7%-ն է կարծում, որ ծնողները պետք է ընտրությունը թողնեին միայն իրենց:
Ամերիկացի աշակերտների ընտրությանվրա կարող է նաև ազդել մասնագիտական կողմնորոշման խորհրդատուն: Ամերիկյան գրեթե բոլոր դպրոցների աշակերտները մասնագիտական խորհուրդ ստանալու հնարավորություն ունեն հենց իրենց դպրոցների փորձառու խորհրդատուներից:
Այս հետազոտությունների շնորհիվ ես պարզեցի, որ մասնագիտություն ընտելիս կարևոր է նաև հաշվի առնել եկամտաբերությունը եւ ծնողների կարծիքը, բայց կարևոր է նաև գիտակցել, որ մեր որոշումների և դրանց հետևանքների պատասխանատուները հենց մենք ենք: