Ի՞նչ է իրականում «օրգանիկը»

Հաճախ ենք լսում «օրգանիկ» բառը. «օրգանիկ» սնունդ, «օրգանիկ» կոսմետիկա, «օրգանիկ» և այլն։ Բայց ի՞նչ է այդ «օրգանիկը»։ Արդյոք այդ բառն օգտագործող բոլոր մարդիկ նույն բանը նկատի ունեն։ Ո՞րն է այդ եզրի սահմանումը։ Պարզվում է՝ չկա «օրգանիկ» եզրի ունիվերսալ սահմանում, քանի որ տարբեր պետություններ, տարբեր կազմակերպություններ տարբեր չափանիշներ ու սահմանումներ ունեն։

Միացյալ Նահանգներում, օրինակ՝ օրգանիկ է համարվում այն գյուղմթերքը, որն աճեցվել է հատուկ պայմաններում, ընդ որում պետությունը կանոնակարգում է նույնիսկ հողի տեսակը, որի վրա այն աճեցվում է, թույլատրելի պարարտանյութերի տիպերը և այլն, և այլն։ Ուշագրավ է, որ համաձայն նույն կանոնների, մի քանի բաղադրիչներից բաղկացած սննդամթերքը (օրինակ՝ պահածոները) կարող է գովազդվել որպես «օրգանիկ», նույնիսկ եթե այն պարունակում է մինչև 30% ոչ օրգանիկ բաղադրիչներ։

Եվրոպական չափանիշներով՝ օրգանիկը կարող է պարունակել որոշ պարարտանյութեր և բուժանյութեր, բայց միայն շատ փոքր քանակով։
Իսկ ի՞նչ ենք հասկանում ասելով օրգանիկ սնունդ Հայաստանում։

Հայաստանում օրգանիկ մթերքի հավաստագրմամբ զբաղվող «Էկոգլոբ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանն պատմում է «Բանաձև» հեռուստահաղորդման լրագրողին. «Մենք տրամադրում ենք մեր հաճախորդին ստանդարտ, եւ մեր ստանդարտը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ինչպես եվրոպական շուկաների, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների»։

Ըստ նույն հաղորդման՝ Հայաստանում կան ֆերմերներ, որոնք օրգանիկ գյուղմթերք են աճեցնում։ Ֆերմեր Տիգրան Ղազարյանն ասում է. «Ես ոչ մի քիմիկատ չէի օգտագործում, դեղամիջոցներ չէի օգտագործում, բույսը կարիք չունի դրա։ Պրոբլեմ չեղավ օրգանականի անցման»։

Այսպիսով, եթե խանութում տեսնում ենք «օրգանիկ» պիտակով մթերք, պետք է փորձենք հասկանալ, թե կոնկրետ ո՞ր երկրի, ո՞ր կազմակերպության չափանիշով կամ սահմանմամբ է այն օրգանիկ։ Ավելին՝ պետք է հաշվի առնել, որ զանազան երկրների արտադրողների ճնշման տակ, այդ չափանիշները կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *