Ինչպես է Բրիտանիայում պետությունը օգնում ընտրել մասնագիտություն
Մասնագիտություն ընտրում ենք ըստ մեր նախասիրությունների ու հետաքրքրությունների, որոշ դեպքերում էլ՝ շրջապատի ազդեցությամբ:
Վերջերս իմացա, որ Մեծ Բրիտանիայում հատուկ պետական կառույց կա՝ «Մասնագիտության Ազգային Ծառայություն», որը օգնում է
ընտրել մասնագիտություն, ինչպես նաև գտնել համապատասխան աշխատանք:
Կազմակերպությունն օգնում է նաև մասնագիտությունը կամ աշխատանքը փոխել ցանկացողներին: Կայքում կա հարցաշար, որն օգնում է պատկերացում կազմել կարողություններիդ մասին, ավելի լավ հասկանալ՝ ինչ հետաքրքրություններ ունես և ինչն է քեզ մոտիվացնում։
Պատահում են այնպիսի հարցեր, որոնց մասին չէի էլ մտածել, բայց հասկացա, որ իրականում դրանք կարող են օգտակար լինել:
Կայքը հարմար գործիքներ ունի, օրինակ՝ հետագա քայլերդ համակարգող ծրագիր, որով կարելի է գնահատել ներկա իրավիճակդ, և ըստ այդմ անելիքդ փոքր քայլերով պլանավորել վերջնանպատակին հասնելու համար:
Աշխատանք փնտրողներին, կամ էլ ուղղակի ինքնակենսագրական ունենալ ցանկացողներին՝ կայքը հնարավորություն է տալիս հեշտությամբ՝ հստակորեն համակարգած CV ստեղծել:
Բացի թվարկված հարմարություններից՝ կայքի շնորհիվ հնարավոր է օնլայն կերպով շփվել խորհրդատուի հետ, կամ էլ անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգ կատարել:
Անձամբ ինձ կայքը օգնեց, որ հետագա քայլերս ծրագրելու համար գտնեմ ուղղորդող հարցեր, որոնց միջոցով կկարողանամ ավելի հեշտ հասնել սպասված արդյունքի:
Թեպետ Հայաստանում նման պետական կազմակերպություն դեռ չկա, սակայն հեշտությամբ կարելի է օգտվել հենց այս կայքից՝ մասնագիտական ապագան պլանավորելու համար: